Հայաստանը 2019-ին կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը

Նոյեմբերի 27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում ֆինանսների, նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծման, ինչպես նաև պատժամիջոցներից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ: Հայաստանը ներկայացրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Գագաթնաժողովի արդյունքներով կողմերը ստորագրել են տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կներկայացվեն միության անդամ երկրների ղեկավարների հաստատմանը:

Նիստի շրջանակներում ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև նաև հուշագիր է ստորագրվել՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացման առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնմանը:

Նշվում է, որ 2019-ին ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահող կողմի գործառույթները Ռուսաստանից կփոխանցվեն Հայաստանին:

«Իր նախագահության ընթացքում Երևանը նպատակ ունի խթանել այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի գործնական կիրառմանը», – Մինսկում ասել է Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է նաև ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը 2019թ.-ի ամռանը։

(Panorama.am)

Compartir