Բան Կի Մուն. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկրներին կմոտեցնի խաղաղ գործընթացին, հույս է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

«Գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի դեպքերը կրճատելու ուղղությամբ գործնական քայլերը եւ ճանապարհ մշակել խաղաղ գործընթացը մոտեցնելու համար»,- ասված է ՄԱԿ ղեկավարի հայտարարության մեջ:

Բան Կի Մունը նաեւ նշել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, որոնք Շվեյցարիայում գագաթնաժողով էին կազմակերպել: Նա Բաքվին եւ Երեւանին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ  լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաեւ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 19-ին Բեռնում:

(News.am)

Compartir