Վիգեն Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի նախագահին

Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր պաշտոնակցի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները, նշել ուղղությունները, որոնց շուրջ կարող է ծավալվել երկու երկրների պաշտպանական գերտեսչությունների համագործակցությունը։

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել հայկական համայնքի դերը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի հանրային կյանքին, միեւնույն ժամանակ` պահպանելով իր մշակույթը, լեզուն եւ կրոնական ինքնությունը: Վիգեն Սարգսյանի խնդրանքով Նիկոս Անաստասիադիսը ներկայացրել է Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրին։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական եւ հետեւողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Ողջունելով Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, Դիմիտրիս Սիլուրիսը կարեւորել է այցը եւ նշել, որ պատմական բարեկամական կապերը պետք է հարստացնել նաեւ գործնական քայլերով։ Հայաստանի պաշտպանության նախարարը, հիշատակելով 2015 թվականին Հայաստանում կայացած Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որի պարագայում կտրուկ բարձրանում է Ազգային ժողովի դերը։ Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, առավել կարեւորվում է միջխորհրդարանական խմբերի համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միազգային հարթակներում, ինչն առավել արդյունավետ կդարձնի միասնական քաղաքական մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կիպրոսյան եւ արցախյան հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Մայիսի 30-ին Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որպես հայ-կիպրական փոխգործակցությունը խորացնելու կարեւոր նախադրյալ, նշել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Իոաննիս Կասուլիդեսը կարեւորել է նաեւ հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միեւնույն ժամանակ նաեւ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։

Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմի ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Լարվածության նոր օջախների ձեւավորումն, ըստ Վիգեն Սարգսյանի, անթույլատրելի է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արցախյան եւ կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջեւ, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար եւ անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ եւ հետեւողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարեւոր է բարեկամ Հայաստանի համար։

Compartir