ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցում է 72 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 13 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից և Հունգարիայից՝ տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցել է նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա մասնավորապես նշել է. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում: Եվ ամենակարևորը՝ մասնակցելու եք հայոց լեզվի արագացված դասընթացներին: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն, որ պահեք ձեր լեզուն ու ինքնությունը: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք: Բարով եք եկել»:

Արիտունցիները շնորհակալություն են հայտնել Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ են ունեցել տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքել ու երգել են, այնուհետև շուրջպար բռնել:

(Armradio.am)

Compartir