Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կպատրաստի Ժան Պոլ Կոստան. Օլանդ

Ֆրանսիայում վերսկսել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման շուրջ քննարկումները: Այս մասին հունվարի 28-ի երեկոյան, Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում տեղի ունեցած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ դրա պատրաստումն ինքը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը:

Իր ելույթում Ֆրանսիայ նախագահը նշել է, որ Ժան Պոլ Կոստային հանձնարարել է օրենքում գտնել հստակ, անվիճելի ուղի, որը թույլ կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ու դա պետք է անել շատ կարճ ժամանակում:

Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է 2012-ին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ օրենքի չընդունմանը, նշելով, որ այս դեպքում պետք է օրենքն անխոցելի լինի սահմանադրականության առումով, որովհետեւ եթե այն բողոքարկվի ՄԻԵԴ-ում, դա կլինի սարսափելի պարտություն Ֆրանսիայի համար եւ Հայ դատի ուրացում:

Compartir