Թբիլիսիում ջրհեղեղից զոհված երկու հայուհիները երիտասարդ աղջիկներ էին

Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված Լիանա եւ Սվետլանա Եղիազարովաները քույրեր են, 22 եւ 24 տարեկան: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմից:

Նրանց փոխանցմամբ՝ երիտասարդ աղջիկների հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու իրենց մոտ, քանի որ ազգականներ չունեն:

«Միայն մի եղբայր ունեն, որն էլ հիվանդ է եւ ի վիճակի չէ կազմակերպել հուղարկավորության արարողությունը»,- ասացին թեմից:

Ինչ վերաբերվում է մյուս երկու կնոջը՝ Նանա Թիլիշվիլի եւ Ժաննա Եղիազարովաներին, ապա նրանց թաղման արարողությունը կազմակերպելու են բարեկամները:

Այս պահին որեւէ տեղեկատվություն չկա, թե Թբիլիսիում ինչով էին զբաղվում այդ կանայք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին  Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:

Compartir