Նալբանդյանն այցելել է Վրաստան. նա ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեին, որտեղ ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

ԱԳՆճից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Զանելիձեն նշեց, որ հարեւան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարեւորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների գերատեսչությունների միջեւ շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը եւ Միխեիլ Զանելիձեն անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը եւ Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։

(News.am)

Compartir