ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին ներկայացրել է արցախյան կարգավորման ներկայիս վիճակը

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին:

Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով:

Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարեւորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել եւ նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում եւ համոզունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

Զրուցակիցները նշեցին, որ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում, համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու եւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար:

Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Իսրայելի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձան Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարեւելյան զարգացումների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

(News.am)

Compartir