Genealogy-ն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ում

Տարվա ամենասպասված, եվրոպական երգի ամենահայտնի մրցույթի բացման արարողությունն արդեն տեղի է ունեցել, իսկ առաջին կիսաեզրափակիչը, որտեղ երկրորդ համարի տակ ելույթ կունենա Հայաստանը, մնացել են հաշված ժամեր:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ին «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո տեղի է ունեցել «Եվրատեսիլ» հոբելյանական` 60-րդ երգի մրցույթի հանդիսավոր բացումը, որի ժամանակ մրցույթի մասնակից ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամները, անցել են կարմիր գորգով` նվագախմբի կատարմամբ հնչած մրցույթի նախորդ տարիների հայտնի երգերի ուղեկցությամբ:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ երկրորդ համարի տակ հանդես կգա Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը, տեղի կունենա մայիսի 19-ին, երկրորդը` մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը` շաբաթ օրը` մայիսի 23-ին:

Մինչ այդ, Վիեննայում ակտիվ ընթացել են «Եվրատեսիլ-2015»-ի գլխավոր փորձերը, իսկ բուքմեյքերական ընկերությունները ժամ առ ժամ փոխում են իրենց վարկանիշներն ու գուշակում ապագա հաղթողի անունը: Բուքմեյքերներն այս պահի դրությամբ հաղթողի ամենահավանական թեկնածու են համարում Իտալիան ներկայացնող II Volo խումբը, որը Յութուբի պաշտոնական էջում արդեն ունի 24 միլիոնից ավելի դիտում: Հավանական հաղթողների շարքում է Ռուսաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցող Ավստրալիայի ներկայացուցիչը:

Բուքմեյքերները, սակայն, Հայաստանի ներկայացուցիչներին որպես հաղթողի հավակնորդի առայժմ չեն տեսնում: Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի Face the shadow («Առերեսվի՛ր ստվերին») երգը Յութուբի պաշտոնական էջում ունի 1,5 միլիոնից ավելի դիտում:

Ու թեև «Եվրատեսիլը» դիտարկվում է որպես զուտ երգի մրցույթ, սակայն կարմիր թելով դրանով անցնում է նաև քաղաքականությունը, և այս տարի շատերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում «Եվրատեսիլը» հերթական հարմար հարթակը կարող է լինել երկիրը ներկայացնելու համար:

«Կարծում եմ` այս տարին շատ հարմար էր հայաստանյան թիմի հաղթանակի համար, նկատի ունենալով այն, թե ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում (ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը ևս միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին), սակայն, ցավոք, չեմ կարծում, թե Հայաստանի երգը շատ մեծ շանսեր ունի: Թիմը հավաքվեց հետաքրքիր եղանակով, մեծ ակնկալիքներով, սակայն երգն այնքան էլ հաջողված չէ, և չեմ կարծում, թե ֆուրոր կլինի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքական վերլուծաբան, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Մինչդեռ երգչուհի, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարծում է, որ հայաստանյան երգը բավականին լավն է, իսկ դժվար է ընդունվում, որովհետև «Եվրատեսիլի» համար չափազանց լուրջ երգ է»:

«Եվրատեսիլը» կարևոր է այնքանով, որքանով առհասարակ տարին է կարևոր և խորհրդանշական, սակայն վերջին տարիների առաջին տեղերը շահածների արդյունքներով պատկեր է կազմվում, որ ամենը քաղաքականություն է, շախմատ է, թվաբանություն, արվեստի հետ ոչնչով չի առնչվում: Իսկ մեր երգիչների փայլուն կատարողականության հաճույքը վայելել եմ իրենց փորձի ժամանակ, մնում է, որ իրենց հետ աշխատող թիմը լավ աշխատի: Վերջերս մի միջադեպ էր եղել, երբ երգչուհիներից մեկի միկրոֆոնը պարզապես իջեցվել էր, հուսանք` նման բաներ չեն լինի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է երգչուհին:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին ներկայանում է նոր ձևավորված Genealogy խմբով՝ համախմբելով 1915-ին Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:

Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ վեցերորդը` Հայաստանի մասնակիցը, համախմբում է թերթիկները:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թվականից, միայն 2012-ին Հայաստանը հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի Ադրբեջանում անցկացվելիք երգի մրցույթին։ Հայաստանը լավագույն արդյունքը գրանցել է 2008-ին և 2014-ին, երբ մեր մասնակիցները զբաղեցրեցին 4-րդ հորիզոնականը:

Compartir