Սերժ Սարգսյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ բանակցային գործընթացը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին եւ նրանց հետ քննարկել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին նվիրված հարցեր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաեւ Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

ՀՀ նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի վրա:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար եւ իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի եւ զարգացման կարեւոր գրավական եւ մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Արտգործնախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը եւ համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արեւելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձեւաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաեւ երկկողմ կապերն ամրապնդելու եւս մեկ հնարավորություն:

(News.am)

Compartir