Հայկական արմատներ չունեմ, բայց ինձ համար տան պես է. շվեյցարացի գործարարն ամեն տարի ծննդյան օրը Հայաստանում է նշում

Շվեյցարացի գործարար Ալֆրեդ Մասթն ամեն տարի Հայաստան է գալիս` ծննդյան օրն այստեղ նշելու: NEWS.am-ի հետ զրույցում գործարարը նշում է, որ Հայաստան մտնելուն պես ազատություն է զգում:

«2010թ.-ից ամեն տարի ամռանը Հայաստան եմ գալիս, օգոստոսին էլ ծնունդս է, միանգամից այստեղ եմ նշում: Ինձ համար Հայաստանը տան պես է, չնայած հայկական արմատներ չունեմ: Առաջին անգամ Հայաստան եմ եկել ընկերոջս հետ, հենց այդ ժամանակ էլ սիրեցի այս երկիրը, մարդկանց ջերմ հյուրընկալությունը, բնությունը, սարերը, շատ-շատ եմ սիրում հայկական ուտելիքները, անկեղծ եմ ասում` ոչ մի տեղ այսքան համով մրգեր եւ բանջարեղեն չեմ փորձել»,- ասաց նա:

Ալֆրեդ Մասթը հասցրել է նաեւ «վայելել» երեւանյան անշուք բնակարանը` առանց էլեկտրականության եւ ջրի: Սպասվում էր, որ դրանից հետո 56-ամյա գործարարն այլեւս Հայաստան չի գա հանգստանալու, սակայն հակառակը տեղի ունեցավ. «Իմ ընկերներից մեկն ինձ համար տուն էր վարձել Բանգլադեշում, քանի որ ուզում էի ապրել հայերի պես: Այդ օրերն ինձ համար իսկապես մեծ փորձ էին, չնայած էլեկտրականություն եւ ջուր չունեի, ինձ համար միեւնույնն է` հետաքրքիր է: Հայաստանում ես սովորել եմ հանգստանալ: Ի դեպ, ես Հայաստանում այդ ժամանակ 10 օր ապրել եմ մեն- մենակ, ինձ համար դա իսկական արկած էր»:

Դրանից հետո Ալֆրեդը նաեւ ավագ որդուն է իր հետ Հայաստան բերել, գարնանը նախատեսում է նաեւ կնոջ հետ այցելել: Շվեյցարիացի մասնագետը չի հասկանում, թե ինչու է իրեն այդքան հարմարավետ զգում Հայաստանում, ասում է` նույնիսկ Արցախում ավելի լավ է, դրախտի մեջ է իրեն զգում. «Ես հասցրել եմ լինել Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքներում` Գորիս, Վանաձոր, Շուշի, Ստեփանակերտ, տարբեր վանքերում եւ եկեղեցիներում եմ եղել»:

(News.am)

Compartir