Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳ նախարարը դեսպանին ներկայացրել է կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության եւ ՄԿՈՒ ոլորտներում:

Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ «Էրազմուս» եւ «Հորիզոն 2020» ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով:

ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականացված կրթական ծրագրերն արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը:

«Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը  գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության շարունակականությունը բուհական կրթության, ՄԿՈՒ, լրացուցիչ եւ շարունակական, ինչպես նաեւ ֆորմալ կրթության ոլորտներում:

Compartir