ՀՀ գլխավոր դատախազի պահանջով «Սասնա ծռերի» քրգործն ԱԱԾ–ից ուղարկել է ՀՔԾ

«Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սա կատարվել է ՀՀ գլխավոր դատախազի պահանջով: Այս մասին հայտնեցին Tert.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

«ՀՀ գլխավոր դատախազը Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը և օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ»,- ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով։

(Tert.am)

Compartir