Երեւանում չինագիտության նոր կենտրոն է բացվել

Երեւանի  Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հուլիսի   6-ին չինագիտության նոր կենտրոն է բացվել: Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար, ԵՊԼՀ-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ինչպես նաեւ կենտրոնի բացմանն աջակցած չինական  «Global Group International Holdings Limited of Suite» ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության նախագահ Ցզինբո Սյոնը հայտնել է, որ Չինաստանի ժողովուրդը Հայաստանը բարեկամական երկիր է համարում եւ հարգանքով է վերաբերվում նրա մշակույթին եւ պատմությանը: Հայաստանը համարվում է աշխարհի 4 հնագույն պետություններից մեկը` առաջին երկիրը, որը պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել, հնագույն կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, Մետաքսի մեծ ուղու կարեւոր մաս:

Նշենք, որ Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում ավանդաբար զարգացած է չինարենի ուսումնասիրությունը:  2009 թվականից այստեղ գործում է Կոնֆուցիոսի անվան չինարենի եւ չինական մշակույթի խորացված ուսումնասիրության կենտրոնը: Կենտրոնը հիմնադրվել է բուհի եւ ՉԺՀ-ի Արտասահմանում չինարենի տարածման պետական դեպարտամենտի միջեւ համաձայնագրի հիման վրա:

(News.am)

Compartir