Հայաստանի տնտեսական ակտիվությունը 10 ամսվա ընթացքում ավելացել է 3,5%–ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին ավելացել է 3,5 տոկոսով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Սպառողական գների աճը տասը ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 1 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 1 063 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (4,6 տոկոսի աճ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ)։

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 857,7 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), շինարարության ծավալը կազմել է մոտ 304,3 մլրդ դրամ (0,1 տոկոսի աճ), ներքին առևտրի շրջանառությունը` 1 816,7 մլրդ դրամ (6,4 տոկոսի նվազում) և ծառայությունների ծավալը` մոտ 960,1 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ)։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է մոտ 3 900,9 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20,4 տոկոսով։

Ըստ բյուջեի` ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։–0–

(Arka.am)

Compartir