Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 5.8 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 5.8 տոկոսով աճել է 2017 թվականի համեմատ:

Նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.4 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

2018թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 0.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 18.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.6 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 4.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8 տոկոսով (172 հազար 357 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 362 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 1.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 186 հազար 719 դրամ` աճելով 4 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.4 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.1 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.99:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

(Tert.am)

Compartir