Վենետիկի Սուրբ Ղազար կղզում նշվել է Մխիթարյան միաբանության 300-ամյակը

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում նշվել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոնի վերածված Մխիթարյան միաբանության 300-ամյակը. Սուրբ Ղազար եկեղեցում սուրբ պատարագ է մատուցվել, որն ուղեկցվել է դուդուկի հնչյուններով՝ Արամ Իպեկջյանի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։

Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում ևս երեկոյան ժամերգությամբ նշանավորվել է մշակութային կենտրոնի երեքդարյա ներկայությունը։ Պատարագից առաջ Վենետիկի պատրիարք Ֆրանչեսկո Մորալիան վերհիշել է Մխիթարյան միաբանության ամբողջ պատմությունը։

«Շնորհակալ եմ Աստծուն, որ այսպիսի պահեր պարգևեց ինձ, որ հնարավորություն ունեմ վայելել այս սուրբ րոպեները: Մխիթարյան միաբանությանը պիտի երախտապարտ լինենք, որ ոչ միայն պահպանեցին հայկական մշակույթը, այլև օգնեցին մեր մշակույթն էլ պահպանել: Ու հիմա մենք հնարավորություն ունենք նորից բացահայտել մարդու էությունը»,– ասել է նա։

Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի միջոցառումների շրջանակներում նաև հատուկ ցուցադրություն է տեղի ունեցել, որտեղ ներկայացվել է մայրավանքի ամբողջ պատմությունը:

Միաբանության 300-ամյակի կապակցությամբ ավելի վաղ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով. «1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների: Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին և փոխադարձաբար՝ արևմտյան մշակույթը` հայոց աշխարհին»:

Նշենք, որ Սուրբ Ղազարը բորոտների կղզի է եղել. այնտեղ հիմա էլ պահպանվում են այն անցքերը, որոնց միջոցով սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են փոխանցել հիվանդներին: Հենց այդ կղզում 1717-ին Մխիթար Սեբաստացին միաբանություն է հիմնել, որը հետո նրա անունով կոչվել է Մխիթարյան միաբանություն, իսկ աշխարհն անվանում է Հայկական գանձ:

Միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական աշխատություններ, մեծարժեք հատորներ: Սբ. Ղազարում միաբանները հիմնել են վարժարան, գրադարանի հիմքի վրա ստեղծել մատենադարան, որի ձեռագիր ֆոնդը 5 000 միավոր է, տպագիր ֆոնդը՝ 100 հազար:

Մխիթարյան միաբանությանն անդրադառնալիս՝ արտասահմանյան մամուլը, որպես կանոն, դրա հեղինակությունն է ընդգծում: Դա այն աստիճան մեծ էր, որ Նապոլեոն Բոնապարտը վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն է տրամադրել:

(Tert.am)

Compartir