Լեւոն Արոնյանն՝ աշխարհի կրկնակի գավաթակիր

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Թբիլիսում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում Լեւոն Արոնյանը Չինաստանի առաջին համար Դին Լիրենին (2771) հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ 2:0: Սպիտակներով հայ գրոսմայստերն առավելության հասավ 30 քայլում, իսկ սեւերով` 33 քայլում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը Լեւոն Արոնյանի մասնակցության գլխավոր նպատակը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելն էր: Այդ խնդիրը նա լուծել էր՝ եզրափակիչի ուղեգիր նվաճելով:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը պարտության է մատնեց հարավաֆրիկացի Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին եւ Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Աշխարհի գավաթակրի տիտղոսի հետ Լեւոն Արոնյանը ստացավ նաեւ 120 հազար դոլար մրցանակ:

Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Լեւոն Արոնյանի հարսանիքը:

(News.am)

Compartir