Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

«Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:

Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության եւ փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը եւ, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաեւ միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:

Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք եւ միջոց չի խնայվում բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարեւան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի եւ միջազգային հանրության արդարացի եւ օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես եւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք եւ հանձնառություն դրսեւորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաեւ Աստծո դեմ է»,- իր խոսքում նշել է Գարեգին Բ-ն:

(News.am)

Compartir