Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև պետության որոշումները չեղարկվեն. Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև հարկային և հողային մասին երկու որոշումներն էլ չեղարկվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նշենք, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը ղեկավարող քրիստոնեական եկեղեցիները՝ Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ, կիրակի փակել էին եկեղեցու դռները՝ ի նշան իշխանությունների որոշումների դեմ բողոքի:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ եկեղեցին փակելը բողոքի ակցիա էր՝ ուղղված երկու որոշումների դեմ: Առաջինը վերաբերում է քաղաքապետարանի որոշմանը, որով եկեղեցիներին և վանքերին հրահանգվել է հարկ վճարել: Մինչդեռ տարիներ շարունակ Իսրայելի քրիստոնեական համայնքներն ու եկեղեցիները ազատված են եղել հարկերից:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը հայտնեց, որ այս որոշումը անընդունելի է բոլոր քրիստոնեական համայնքների համար:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա՝ կապված է Իսրայելի խորհրդարանում քննարկվող նախագծի հետ: Այն պետությանը թույլ կտա բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը:

«Եթե ընդունվի օրինագիծը, սա սահմանափակում կարող է լինել: Այդ ձևով պետությունը սահմանափակում է եկեղեցու և անհատ ձեռներեցների գործարքները»,- ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երեկ նախատեսված էր օրինագիծը քննարկել Քնեսեթի հանձնաժողովի մակարդակով, սակայն քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով:

«Հանձնաժողովից հետո պետք է դա որպես օրենքի նախագիծ մտներ Քնեսեթի նիստ: Մեր բողոքն է, որ այդ օրենքը չքննարկվի, օրինագիծը չգնա Քնեսեթ և որպես օրենք չընդունվի: Քնեսեթում երեկ նախատեսված քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով, բայց մեզ չի բավարարում, մենք պահանջում ենք, որ ընդհանրապես այդ օրինագիծը չեղարկվի: Ինչպես նաև պահանջում ենք քաղաքապետարանի կողմից հարկի և տուրքի որոշումի չեղարկումը»,- նշեց դիվանապետը:

(Tert.am)

Compartir