Ստամբուլում այսօր Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցն են նշելու

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության մոտ տեղի է ունենալու հիշատակի միջոցառում։

Դինքի հիշատակին նվիրված սգո արարողությունը սկսվելու է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Հավաքվածները շարժվելու են դեպի Շիշլի՝ «Ակոս»-ի նախկին խմբագրության շենք, որի դիմաց 9 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը։

14։30-ին, «Ակոս»-ի նախկին խմբագրության առջեւ սկսվելու սգո հիմնական միջոցառումը։ Երեկոյան 19։00-ից 21։00 ընկած ժամանակահատվածում մի շարք ՀԿ-ներ ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Դինքի սպանության վայրում «արդարության հերթապահություն են» իրականացնելու։

Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ են տեղի ունենալու նաեւ Թուրքիայի մի քանի քաղաքներում։

(News.am)

Compartir