Բողոքի ժամանակը. բազմամարդ հանրահավաք Երևանում իշխանությունների նախատեսած սակագների բարձրացման դեմ

Այսօր երեկոյան հազարավոր մարդիկ էին հավաքվել Երևանի կենտրոնական հրապարակում` արտահայտելու իրենց բողոքն էլեկտրաէներգիայի սակագների նախատեսվող ավելի քան 40%-ով բարձրացման դեմ:

Ակտիվիստները պարզել են պաստառներ, որոնցում նախատեսվող բարձրացումը համարելով անարդար` կոչ են արել պետական կարգավորիչին բարձրացումը թույլ չտալ:

Ռուսական սեփականություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, որը կառավարում է երկրում էլեկտրաէներգիայի բաշխումը, վկայակոչելով կորուստները փոխհատուցելու անհրաժեշտությունը, այս ամիս ավելի վաղ պաշտոնապես դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագները 17 դրամով բարձրացնելու հայտով` 42 դրամից մինչև 59 դրամ (1 դրամը հավասար է 480 ԱՄՆ դոլարի): Եթե սա հաստատվի, ապա դա կլինի վերջին երեք տարիների ընթացքում սակագնի երրորդը բարձրացումը:

Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը և քաղաքացիական ակտիվիստները համարում են, որ ՀԷՑ-ը չպետք է ձգտի շահութաբեր մնալ ի հաշիվ սպառողների, այլ պետք է փորձի բարելավել կառավարումը և միջոցներ ձեռնարկի գողության և կոռուպցիայի դեմ, որը, նրանց պնդմամբ, ընկերությունում գոյություն ունի:

Բացի այդ, տնտեսագետներն ասում է, որ այսկերպ ազգային տնտեսությունը կդառնա նվազ մրցունակ, քանի որ կարող է ավելացնել արտադրության ծախսերը:

Այսօրվա հանրահավաքը նախաձեռնել է «Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, որին աջակցում էին տարբեր քաղաքացիական խմբեր և քաղաքական ուժեր: Հրապարակում ներկա ընդդիմադիր կուսակցություններից և ուժերից էին` Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, Հայ հեղափոխական դաշնակցությունը, արտախորհրդարանական Հիմնադիր խորհրդարանը և այլն:

Իրենց պահանջները ներկայացնելով նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ապահովել, որ էլեկտրաէներգիայի սակագները մնան անփոփոխ և նույնիսկ իջեցվեն, «Ո´չ թալանին» խմբի ակտիվիստները բարձրաձայնել են պայքարը շարունակելու իրենց վճռականությունը և զգուշացրել, որ կձեռնարկեն կտրուկ քայլեր, եթե պահանջները չբավարարվեն:

Նախքան երթով Երևանի կենտրոնական փողոցներով անցնելը կազմակերպիչները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացման դեմ հաջորդ խոշոր ակցիան տեղի կունենա հունիսի 19-ին:

Մայիսի 27-ին բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի այլ քաղաքներում և ավաններում:

Compartir