ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Հայտնի է առաջին տասնյակը

Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հնգյակում են նաեւ պատգամավոր Արա Բաբլոյանը եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Շարմազանովի խոսքով, հնգյակը փոփոխության չի ենթարկվի:

Տասնյակում են նաեւ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: Շարմազանովը նշեց, թե երկրորդ հնգյակում միգուցե փոփոխություն լինի:

ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՀԿ Գործադիր մարմինը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված են 133 թեկնածուներ, իսկ համապետական ընտրական ցուցակը՝ 64 թեկնածուներ:

«Այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»,- ասել է Շարմազանովը:

Նա կրկին նշեց, որ եթե ՀՀԿ-ն կազմի կառավարություն, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:

(News.am)

Compartir