Ամեն ինչ անելու ենք, որ Արցախին վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան

Հատուկ կարևորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերություններին:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված առաջին մամուլի ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում։

«Որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան, ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ, և կարծում եմ՝ նոր շունչ ու թափ կտրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր հանդիպումներ է ունեցել ԱՀ ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ, նաև ՊԲ հրամանատարի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, լսել է զեկույցներ, ստացել է անհրաժեշտ տեղեկություններ և պայմանավորվել են՝ ինչ քայլերով են գնալու առաջ:

«Այսօրվա քննարկումների արդյունքում բոլորս համոզվեցինք, որ ԱՀ և ՀՀ անվտանգության ապահովումը կլինի արդյունավետ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, իսկ թե ինչ քայլերի շնորհիվ, պատասխանեց. «Պետք է հստակ պատասխանել հարցի, ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հարցը, անտրամաբանական է հարցը քննարկել մի ֆորմատով, որում այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարցը, որի առանցքային մասնակիցներից մեկը մաս չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, պրագմատիկ խնդիր է՝ լուծո՞ւմ ենք, թե ոչ: ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, և լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հայկական կողմերը խաղաղ հանգուցալուծման կողմնակից են: «Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, ինչը խնդրի կարգավորմանը չի կարող նպաստել»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ որևէ կերպ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ:

Փոխզիջումների հարցով վարչապետն ասաց, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը գրավելու մասին, փոխզիջումների մասին խոսք լինելն անիմաստ է:

«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որը Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է:

«Որովհետև Արցախի խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքին ու անվտանգության իրավունքին, իրենց ինքնության իրավունքին: Այսինքն՝ սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, որն արտահայտվել է կոնկրետ գործողություններով, խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»,-ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ՀՀ նորընտիր վարչապետը շնորհավորանքներ է ստացել գերտերություններից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, սակայն նրան չեն շնորհավորել ՀՀ 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դրանք միջպետական հարաբերություններ են, և ճիշտ չէ նույն հարթության վրա դնել այդ հարցերը:

(Tert.am)

Compartir