Եթե որևէ մեկը կասկածում է, թե որևէ պարագայում մենք հետ քայլ ենք անելու, պարզապես սխալվում է. Նիկոլ Փաշինյան

14։33

Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան լրագրողի հարցի հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փոխեն դիրքորոշումը և ցանկություն հայտնեն հանդիպելու իրենց հետ, իրենք բաց են քննարկումների համար:

14։25

Լրագրողի հարցին, թե քաղբանտարկյալներին ազատելու որոշում ունե՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր քաղբանտարկյալները միանշանակ պետք է ազատ արձակվեն։

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գործով անձանց քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը, կարծում եմ՝ պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին: Որպեսզի սուբյեկտիվ չլինի ընկալումը, կքննարկենք և կգանք ընդհանուր եզրակացության»:

Նրա կարծիքով՝ պետք է արվեն բոլոր քայլերը հանրային համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար:

14։13

Հարցին, թե կա՞ մի որևէ միջազգային փորձ, որտեղ լրագրողների առաջ բանակցություններն արդյունք են տվել, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ուզում եք նախադեպ տեսնել, ես ձեզ մեր շարժման ընթացքում կարող եմ ցույց տալ 10-յակ աննախադեպ երևույթներ: Ո՞վ է ասել, որ մենք նախադեպերով պետք է շարժվենք: Ի դեպ, մեզ մեղադրում էին, որ ինչ որ մենք անում ենք, արդեն 10-յակ նախադեպերով տապալվել է: Ես չեմ հասկանում՝ ինչում է պրոբլեմը: Այստեղ խոսքը լրագրողների մասին չէ, խոսքը հանրության մասին է, որովհետև մենք լրագրողներին տեսնում ենք խողովակ՝ հանրության առաջ հաշվետու լինելու: Ես ինչո՞ւ Կարեն Կարապետյանի հետ փակ դռների հետևում պետք է բանակցեմ»:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հետ հանդիպումներն առանց լրատվամիջոցների ներկայության են եղել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նշված ուժերը այս քաղաքական ճգնաժամի կողմ չեն հանդիսանում:

«Հանրապետականն այս քաղաքական ճգնաժամի կողմ է: Մենք բանակցությունները պատկերացնում ենք այսպիսի ֆորմատով: Հիմա թող նա գար և մեզ բոլորիս ներկայացներ, որ սա սխալ ֆորմատ է, ներկայացներ փաստարկներ, թե ինչու այսպես պետք է չլինի»,- ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարը:

14։00

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ «Մայդանի» և այլ դեպքերի հետ նույնականացումը պարզ թյուրըմբռնում է: Նա նկատեց, որ այս գործընթացը սաղմնային վիճակից բոլորի աչքի առաջ է եղել:

Պատգամավորը հիշեցրեց, որ կատարյալ թափանցիկ ներկայացրել են շարժման ֆինանսական միջոցները և հավելեց, որ բանկային համակարգը շատ լավ հնարավորություն ունի ստուգելու իրենց կապերը, ավելին՝ պատրաստ են նրանց օգնել այդ հարցում:

«Սա մաքուր՝ 100 տոկոսով հայկական քաղաքական պրոցես է, և այստեղ մեկ լումա անգամ ներդրված չէ օտարերկրյա որևէ կազմակերպությունից կամ պետությունից»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ամեն դեպքում կարո՞ղ է օգտագործվել ՀՀԿ ռեսուրսը, նա նկատեց, որ ի սկզբանե ասել են, որ չեն մերժում ոչ մի բան, և կառավարությունում կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք ունեն ներուժ:

«Պարզապես կան շինարարներ, որոնք կառուցում են այն, ինչ իրենց հանձնարարվում է կառուցել: Եթե նրանց հանձնարարվում է կառուցել բանտ, կառուցում են բանտ, եթե հանձնարարվի կառուցել դրախտ, նրանք կկառուցեն դրախտ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ոչ մի մտավախություն չունի, որ ՌԴ իշխանությունների դիրքորոշումը (որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ում բացառապես ՀՀ ներքին գործն է) հընթացս փոխվում է:

«Ո՛չ, չունեմ,որովհետև Հայաստանի ժողովրդի կամքը Հայաստանում վճռորոշ է, և, բացի այդ, կցանկանայի խոսել նաև ռուսաստանաբնակ հայերի մասին, որովհետև նրանց 90 տոկոսը մեզ աջակցում է, ինչում կարող են համոզվել նաև Ռուսաստանի իշխանությունները»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով ՌԴ տարբեր քաղաքներում անցկացվող աջակցության հանրահավաքները:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ՌԴ-ն կհարգի նաև իր քաղաքացիների դիրքորոշումը:

Հարցին, թե ամեն դեպքում, հնարավոր չէ՞, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի չեզոք թեկնածու՝ ո՛չ ՀՀԿ-ից, ո՛չ իրենցից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցով՝ ասելով, որ եթե հետագայում պարզվի, որ այդ չեզոք թեկնածուն ամեն ինչ վատ է արել, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն. «Հանրապետականնե՞րը, որոնք կորցնելու բան չունեն: Այսինքն՝ դրա ողջ պատասխանատվությունը կընկնի «Իմ քայլի» վրա»:

Նիկոլ Փաշինյանը նաև աբսուրդ համարեց առանց որևէ քաղաքական պատասխանատվության վարչապետի գոյությունը կամ այն վարչապետի, որի գործունեության համար պետք է պատասխանատվություն կրեն այլ քաղաքական ուժեր:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենց առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ, ըստ դրա, Ազգային ժողովը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ համապատասխանում է առկա ցենզերին: Եվ բնավ պարտադիր չէ, որ նա անպայման լինի իշխող քաղաքական մեծամասնության անդամ:

13։32

Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ինչ-ինչ մարմնի կազմում վերահսկի ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այս հարցի ասաց, որ սահմանադրական մարմինների ցանկը սահմանված է Սահմանադրությամբ:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ազատ, արդար, ընտրությունների վերահսկողության հիմնական մեխանիզմն այն է, որ ընտրական հանձնաժողովը չպետք է լինի հանրապետական:

Պատասխանելով հարցին, թե իշխանության գալու դեպքում վենդետա հնարավո՞ր է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ տեսել եք որևէ դեպք, երբ ես որևէ մեկին ահաբեկել եմ: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, և իմ ազատության մեջ հայտնվելու օրը, առնվազն, համոզվեցիք, որ եթե ահաբեկելու նպատակ ունենայի, ում ուզենայինք, այդ օրը կահաբեկեինք: Բայց դուք չեք տեսել։ Ես ասում եմ՝ բացառիկ դեպք է, երբ այն երկրի ղեկավարը, ում հրաժարականին հասնում է ժողովուրդը, մինչև հիմա շարունակում է մնալ երկրում: Եվ ես ողջունում եմ դա, որովհետև մենք ասել ենք, որ մենք վենդետաներ չենք անելու»:

13:25

Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մեջ տարօրինակ որևէ բան չի տեսնում:

«Մենք նույնպես ասում ենք, որ 2017 թ.-ին ձևավորված խորհրդարանական ընտրությունների վրա ձևավորված խորհրդարանը պետք է ժողովրդի թեկնածուին ընտրի վարչապետ: Մենք չենք ասում, որ 2012 թ.-ի խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՌԴ-ը չի միջամտում ՀՀ ներքաղաքական գործընթացների, Փաշինյանն ասաց, թե իր կարծիքով՝ ՌԴ-ը հարգում է միջազգային իրավունքը և չի միջամտում ներքին գործերին:

Նա նշեց, որ եթե  խորհրդարանական ընտրություններ լինեն վարչապետի այլ թեկնածուով, ապա իրենք կբոյկոտեն:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հրապարակում հայտարարեց, թե կամ ինքը կլինի վարչապետ, կամ ոչ ոք, ինչ է դա նշանկում, Փաշինյանն արձագանքեց.

«Խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է, ժողովրդկան խոսքով ասած՝ պաշտոնակռվի մասին չէ խոսքը, այլ ճգնաժամը լուծելու: Մենք նման դիրքորոշում ունենք, որովհետև համոզված ենք, որ ՀՀ քաղաքացին զարթոնք է ապրում, և մենք դավաճան կլինենք այն ժամանակ, եթե այդ զարթոնքը դե յուրե չարձանագրենք: Մենք չենք կարող անել գործողությունը, որը կնսեմացնի ժողովրդի հաղթանակը»:

13։06

Հարցին, որ եթե ԱԺ մեծամասնություն կազմող «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» ներկայացնի ու անցկացնի վարչապետի իր թեկնածուին, որո՞նք են լինելու իր քայլերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ինչ խնդիր ենք լուծում հիմա. շատերը հիմա փորձում են հարցը ներկայացնել, թե ով լինի վարչապետ, հարցը դրա մասին չէ, այլ նրա մասին է, որ մենք այս քաղաքական ճգնաժամը լուծո՞ւմ ենք, թե խորացնում ենք: Շատ պարզ ընտրություն է, եթե ՀՀԿ-ն չի ցանկանում լուծել ճգնաժամը, ուրեմն այն կխորանա»:

Նրա ավելացրեց. «Եթե որևէ մեկը կասկածում է, թե որևէ պարագայում մենք հետ քայլ ենք անելու, ինքը պարզապես սխալվում է, քանի որ նման բան չի լինելու, ավելին՝ չենք թույլ տալու, որ ժողովրդի հաղթանակը որևէ մեկը խլի»:

Реклама 00

12։57

Եթե հրապարակված անուններ չկան, ուրեմն չկան նաև միացածներ, որովհետև իմ համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է . ի պատասխան հարցի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իրեն միացողներ կա՞ն, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ դա գործ չի դարձել, ես որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ հույս չի դնում ՀՀԿ-ի ձայների վրա, հույսը ժողովուրդն է:

«Ես հույս դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, ապա ՀՀԿ-ն պետք է հաշվի նստի այդ իրողության հետ, եթե չլինի դա, ապա որևէ հույս չեմ կարող դնել»,- շարունակեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը ժողովրդական ճնշումը պատկերացնում է զանգվածային ցույցերով, պատգամավորներին զանգահարելով ու շրջափակումներով:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե չի բացառվում, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն կարող է լինել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինայնն ասաց, թե այդ խոսակցություններին լուրջ չի վերաբերվում:

12։ 48

Կարծում եմ՝ տվյալ իրավիճակում ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի գնահատականին. նման պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք համագործակցություն կա արտախորհրդարանական ուժերի հետ, Փաշինյանն ասաց, թե ընդհանուր առմամբ իրենք բաց ենք քննարկումների համար: Նա նկատեց, որ շատ շփումներ ունենալու ժամանակ այս պահին չունի:

12։41

Հարցին, թե որտե՞ղ է անձամբ լինելու մայիսի 1-ին և դիտարկմանը, որ իրեն վարչապետ դառնալու համար ավելի շատ մանդատներ են պետք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ունենք գլխավոր մանդատը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի մանդատը: Ոչ միայն Հայաստանի, այլև՝ Սփյուռքի»:

«Իմ քայլը» շարժման առաջնորդը հիշեցրեց, որ բազմաթիվ հայրենակիցներ այս օրերին Սփյուռքից ժամանել են Հայաստան և ակտիվ մասնակցում են հեղափոխությանը:

Կրկին անդրադառնալով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ ինչպես են քվեարկելու «Ծառուկյան» խմբակցության և ՀՅԴ-ի պատգամավորները, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ լավ կլիներ, որ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեին և ՀՀ քաղաքացիները նրանց հետ կապ հաստատելով՝ նրանց դիրքորոշումներն իմանային:

ՔՊ առաջնորդը հույս հայտնեց, որ առաջիկա 1-2 օրերին նրանց հեռախոսահամարները կհրապարակվեն:

12։36

Հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ չգալով բանակցությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին: Եվ եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին՝ իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է պատրաստվում բանակցել Ղարաբաղյան հարցի շուրջ»:

ՌԴ-ի վերջին հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի դիրքորոշումը գնահատելու հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես գնահատում եմ, որ Ռուսաստանը՝ ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ այս հեղափոխությունը չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ:

ՔՊ առաջնորդն ասաց, որ տեղեկացված չէ, թե ինչի համար են մի շարք պաշտոնատար անձինք՝ Էդվարդ Նալբանդյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մեկնել ՌԴ. «Միգուցե իրենք, իմանալով, որ Հայաստանում չունեն որևէ աջակցություն, հենարան, ուզում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ տեղ ունեն որևէ աջակցություն: Կարեն Կարապետյանը երևի թե ուզում է տպավորություն ստեղծել, թե դրսից ունի աջակցություն»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, երկրները, որոնք հարգում են միջազգային իրավունքի նորմերը, չեն խառնվի ՀՀ ներքին գործերին:

12։22

«Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու, քանի որ մենք շարունակելու ենք մեր խաղաղ հեղափոխությունը՝ կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, օրինակ՝ Կարեն Կարապետյանին դա այնպես, ինչպես արեցինք Սերժ Սարգսյանի դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  այդ պահից սկսված կոչ են անում բոլոր քաղաքացիներին մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 8-ին, լինել Երևանի փողոցներում ու հրապարակներում, այդ թվում նաև՝ ԱԺ-ին հարակից:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վիճակ է Ազգային ժողովի խմբակցությունների պարագայում, մասնավորապես՝ ի՞նչ դիրքորոշում ունի «Ծառուկյան» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ դիրքորոշումներ են նրանք արտահայտել»:

Ճշգրտմանը, թե միանո՞ւմ են շարժմանը՝ քվեարկության առումով նաև, պատրա՞ստ են քվեարկել, «Իմ քայլը» շարժման ղեկավարն ասաց. «Դե, ես հենց դա եմ ասում, ես հույս ունեմ, որ Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և մինչև մայիսի 1-ը կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել:

12:11

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կատարյալ անորոշություն է. երեկ ու երեկ չէ առաջին օրը նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց որևէ նախապայմանների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդուհանդերձ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի եկել բանակցությունների։

Պատասխանելով ընտրություններ անցկացնելու մասին հարցին՝ նա նշեց, որ մեկ անգամ ևս ասել է, որ ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե: Նա ընդգծեց՝ հարցն էլ հենց այդ է՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լուծել այս ճգնաժամը:

11:51

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Իր քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Մարիոթում» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չկայացան:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։

Հաղորդագրության մեջ ասվում էր. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ»:

(Tert.am)

Compartir