Գերեվարված ադրբեջանցու կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, մենք ի տարբերություն Ադրբեջանի՝ տանջամահ չենք անում. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ մարդու կյանքին և առողջությանը Արցախում որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ադրբեջանում կսպառնա, քանի որ արդեն իսկ նրանք հրաժարվել են այդ մարդուց: «Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր տանջամահ են անում ցանկացած հայի, ով ընկնում է այնտեղ, սպանում են, օրգանները վաճառում են, բոլոր կեղտոտ մարդկային քայլերը և գործողությունները կատարում են, մենք նման պահվածք, քաղաքականություն երբևիցե չենք տարել, որովհետև հայի քաղաքակրթությանը դա խորթ է»,-ասաց նա և նշեց, որ միջազգային կազմակերպությունները կարող են գնալ և տեսնել, որ այդ մարդը նորմալ վիճակում է:

«Ադրբեջանի նման քաղաքականությունը հետևանք է իր իսկ սեփական պետականաշինության փիլիոսափայության, որը հիմնված է ահաբեկչության, ֆաշիստական մոտեցումների վրա: Իրենց ահաբեկչությունը, մարդատյացությունը իրենք իրականացնում են ոչ միայն հարևանների նկատմամբ, այլ նաև սեփական ժովորդի: Հիմա էլ արդեն հրաժարվել են այդ զինծառայողից՝ նրան բնութագրելով որպես զինված ուժերը լքած, կարգապահությունը խախտող մարդ, սակայն այդ դեպքում ի՞նչ էր անում նա սահմանին, ի՞նչ է, եկել էր մեզնից վիզա ստանա՞ր: Այսինքն` Ադրբեջանը արդեն իսկ հրաժարվում է իր իսկ սեփական զինվորից՝ ասել է թե հայրենիքի պաշտպանից, այ սա է ալիևյան ռեժիմի ողջ էությունը»,-ասաց նա և նշեց, որ եթե զինվորը զոհվեր կհերոսացնեին, իսկ եթե չի զոհվել, ապա ընդհանրապես իրենից հրաժարվում են: Ըստ նրա՝ Ալիևին պետք են զոհված կամ տականք հերոսներ:

Դավիթ Բաբայանն ասաց, որ 2017 թվականը յուրահատուկ տարի է, քանի որ մենք տոնելու են Շուշիի ազատագրման 25-ամյակը, Բերձորի ազատագրումը, իսկ Ադրբեջանում հակառակ մթնոլորտն է իշխում, այսինքն՝ «նրանք պետք է հիշեն այդ կորուստները, Խոջալուի ցեղասպանությունը», որն իրականացրել են հենց իրենք: «Այն որ հիմա հրաժարվում են այդ զինվորից, դա նույն ցեղասպանության արտացոլումն է, այսինքն՝ սեփական ժողովրդին կոտորում են, որ իշխանության գան: Որպեսզի իրենց ժողովրդին հերթական հակահայկական մաղձով ներարկեն չափաբաժինը պետք է շատացնեն և անընդհատ խախտելու են հրադադարի ռեժիմը»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ հատկապես Թալիշի շրջանում են լարվածությունը մեծացնում, որ ահաբեկեն մեզ, քանի որ Թալիշում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, և ցանկանում են ինչ-որ ձևով շեղել այդ աշխատանքներից, ինչը չի ստացվելու: «Հետաքրքիր է, որ այդքան տարի առնչվելով Արցախի հետ, այդպես էլ չհասկացան, որ հնարավոր չէ արցախցիներին շեղել իրենց իսկ բռնած ճանապարհից, մանավանդ, որ այդ ճանապարհը ճիշտ է»,-ասաց նա և նշեց, որ մեր տղաները կանգնած են, աչալուրջ են:

(Tert.am)

Compartir