Պուտին․ Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան հակամարտության լուծման որոնումները Երեւանի ու Բաքվի ուղիղ շփումների միջոցով

Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի հանգուցալուծման որոնմանը՝ թե ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, թե Երեւանի ու Բաքվի ուղիղ շփումների ընթացքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին նշել է , որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ջանքերըր խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Նորից շեշտվել է 1994-95 թթ կնքված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման կարեւորությունը, նշվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառման սպառնալիքը կամ դրա կիրառումը անթույլատրելի են ու վնասում են խաղաղ գործընթացին»․-շեշտել է Սերժ Սարգսյանը ։

(News.am)

Compartir