Ֆրանսիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն կբացվի սեպտեմբերին. Փարիզի քաղաքապետ

Փարիզում սեպտեմբերին Թումո կենտրոն կբացվի: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Փարիզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից:

Քաղաքապետը պատմել է, որ ինքը 2016թ.-ին այցելելով Հայաստան տպավորվել է Թումո կենտրոնով եւ վերադառնալով Ֆրանսիա՝ նախաձեռնել նման կենտրոն բացել Փարիզում ապրող երիտասարդների համար:

«Այդ կապակցությամբ համագործակցում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Թումոյի հետ Փարիզում նույնպես նման կենտրոն ունենալու համար»,- ասել է Փարիզի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան էր ժամանել 2016թ. հոկտեմբերի 7-9-ը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարու¬թյուն¬ների շրջանակներում: Պաշտոնական այցով Երեւան ժամանած Փարիզի քաղաքապետին հոկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ Նախագահը եւ ԱԳ նախարարը։ Վերջինս Իդալգոյին պարգեւատրել է ԱԳՆ պատվո շքամեդալով:

Փարիզի քաղաքապետն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիա¬ների կենտրոն եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Հետագայում նա նշել է, որ խորապես տպավորված է այցից եւ շեշտել, որ Փարիզը կարող է ոչ միայն տալ Հայաստանին եւ Երեւանին, այլ նաեւ սովորել եւ վերցնել նրանցից: Թումո կենտրոնն այնքան է ոգեւորել քաղաքապետին, որ նա մտադրվել է Փարիզում եւս նման կենտրոն հիմնել եւ երիտասարդների փոխանակումներ իրականացնել:

2016թ. դեկտեմբերի 15-ին եւ 2017թ. հունվարի 26-ին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանի գլխավորությամբ, կենտրոնը ներկայացնող թիմը քաղաքապետի հրավերով Փարիզում աշխատանքային հանդիպումներ է ունեցել փոխքաղաքապետ Պոլին Վերոնի եւ իր օգնականների հետ՝ քննարկելով ծրագրի բյուջեն, լոգիստիկան եւ կենտրոնի տեղակայումը՝ ներառյալ հնարավոր տարածքը Փարիզի «Գիտության եւ արդյունաբերության քաղաքում»: Փարիզի քաղաքապետարանի հանձնառությամբ՝ Թումոյի թիմը տրամադրել է մանրամասն բյուջե եւ պրեզենտացիոն նյութեր, որոնք քաղաքապետարանին կօգնեն միջոցներ հատկացնել ծրագրի համար։ Ներկայումս նախագծի իրականացումը գտնվում է զարգացման փուլում՝ Փարիզի քաղաքապետարանում։

(News.am)

Compartir