Վարդավառ. քրիստոնեական տոն, որի արմատները գալիս են հեթանոսական ժամանակներից

Այսօր Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
Tert.am-ի հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը պատմեց, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը բարձրացել Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել:
«Հիսուսը բացահայտեց իր աստվածային փառքը, աստվածային զորությունը: Այստեղ են լինում նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվում են, որ Քրիստոսը Աստծո որդին է: Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,-ասաց քահանան:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը տոնի անվանումը այլ կերպ է բացատրում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Վարդավառ բառը հնդկական ծագում ունի և նշանակում է ջուր ցողել:
«Տոնի անվանման իմաստը քչերին է հայտնի: Այն որևէ կապ չունի վարդ բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ»,-ասաց ազգագրագետը:

Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ հնում տոնը եղել է շատ բազմազան, որից այսօր պահպանվել է միայն ջրցողումը: Իսկ վերջինիս խորհուրդը բացատրեց հետևյալ կերպ. «Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից ,և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Նրանք հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից»,- պարզաբանեց նա:
Եկեղեցին ազգային այս տոնի ջրցողման սովորությանը տալիս է այլ բացատրություն: Տեր Շմավոնը նշեց, որ այն կապված է Նոյի ջրհեղեղի հիշատակման հետ:
«Մարդիկ կան, որ ասում են, թե դա պարզապես հեթանոսական ավանդույթ է, սակայն դրա մեջ ոչ մի հեթանոսական տարր արդեն չկա: Այս տոնը երկու ձևով է տոնվում՝ հոգևոր՝ պատարագ է մատուցվում և ժողովրդական ծեսով՝ խաղերով, միմյանց վրա ջրելով և այլն: Սրանցով մարդիկ լցրել են իրենց առօրյան ու նշել տոնը: Հեթանոսական շատ ավանդույթներ այսօր մեզանում կան, սակայն մենք այսօր դրանք կատարում ենք առանց որևէ հեթանոսական հենքի ու իմաստի»,-ասաց նա:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը պատմեց, որ հնում հայերը տոնի առիթով սովորաբար աղավնիներ են բաց թողել և տոնական ծառ են պատրաստել , որի վրա կապել են գույնզգույն ժապավեններ, վարդեր ու ամենակարևորը վարունգ ու խորոված խնձոր:
«Տոնի ծիսական ուտեստը խորոված խնձորն էր:Հայերը պարտադիր գիշերը խարույկ էին վառում ու խնձոր խորովում: Իսկ տոնածառերը սովորաբար հսկում էին ծեր կանայք, որոնք ենթադրվում էր, որ Աստղիկ աստվածուհու նախատիպը կարող էին լինել: Նախկինում եկեղեցու դռները զարդարվում էին խնձորներով, վարդերով ու վարունգներով»,- ասաց նա և ընդգծեց, որ հին հայերի մոտ ընդունված էր այդ օրը նշանված աղջիկներին տղայի տանից բաժին ուղարկել՝ մրգեր և հատկապես խորոված խնձոր:
Իսկ թե ինչու հատկապես խնձոր, ազգագրագետը բացատրեց, որ այն համարվում է բեղմանվորման սկիզբը:
Արմենուհի Ստեփանյանը ցավով նշեց, որ ազգային այս տոնը ներկայումս իր ակունքներից շատ է հեռացել: Ըստ նրա՝ պատճառներից մեկն այն է, որ խորհրդային տարիներին տոնը մոռացության մատնվեց: Ազգագրագետը միաժամանակ նշեց, որ այսօր քիչ թե շատ տոնը ակունքներին մոտ է նշվում Տավուշի մարզում:

(Armradio.am)

Compartir