Նախագահը Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:  Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր  բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը:

Արարողության ավարտին ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անգլիկան Եկեցեղու և հավատացյալների անունից խոսք ասաց նաև Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Լոնդոնի Եպիսկոպոս լորդ Ռիչարդ Չարթրեսը:

Compartir