Արդեն 30 տարի է մեզ բաժանում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի օրվանից, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց, մեր երկրի մոտ 1/3-ն ավերակների վերածեց՝ անօթևան թողնելով հարյուր հազարավոր մարդկանց: Մասնավորապես, Սպիտակում և Լենինականում (Գյումրի) փլուզվեց շինությունների 80 տոկոսը։
Մարդկային և նյութական ռեսուրսների կորստի առումով աննախադեպ այս աղետին արձագանքելուն անպատրաստ Հայաստանին՝ հենց առաջին իսկ օրերին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, անհատներ: Ցուցաբերվեց բժշկական և փրկարարական օգնություն, ապահովվեց սնունդ, հագուստ և դեղորայք, դրամական միջոցներ և ապրելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:
Սակայն որքան էլ ցավալի լինի խոստովանել, այսօր ամբողջապես չի հաջողվել հաղթահարել 88-ի երկրաշարժի հետեւանքները: Դեռ կան աղետից տուժած, բնակարան չունեցող ընտանիքներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 542 ընտանիք դեռ բնակարանի կարիք ունի: Պետությունը խոստանում է մինչև 2020 թվականն այդ հարցը լուծել: Մասնավորապես, այս տարվա պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 460 մլն դրամ: Իսկ վերջին տասը տարվա ընթացքում ծախսվել է շուրջ 65 մլրդ դրամ, 4839 ընտանիք ապահովվել է բնակարանով:
(Armradio.am)