Սիրիահայ երեխաների համար երկու նախակրթարան է բացվել Երեւանում

Երևանի երկու դպրոցներում այսօր` հունիսի 1-ին, բացվել է սիրիահայ երեխաների համար վաղ մանկության զարգացման կենտրոն: Ստեփան Շահումյանի անվան համար 1 եւ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցներում կենտրոնները բացվել են Save the Children միջազգային կազմակերպության «Փախստականների ներուժի զարգացման և կենսամակարդակի բարելավման ծրագրի» շրջանակում։

NEWS.am-ի հետ զրույցում ծրագրի համակարգող Իռեն Սարգսյանը նշեց, որ ծրագրի հիմնական խնդիրն է օգնել սիրիահայ երեխաներին ավելի վաղ մանկությունից ինտեգրվելու հասարակությանը, իսկ նրանց ծնողներին` աշխատել։

«Սիրիահայ երեխաները այցելելով նախակրթարան` ինտեգրվում են միջավայրին` շփվելով իրենց հասակակիցների հետ, իսկ ծնողները կարողանում են ազատ ժամանակ ունենալ և աշխատանք գտնել ու աշխատել»,-ասաց Իռեն Սարգսյանը:

Նախակրթարան կարող են հաճախել 4-6 տարեկան երեխաները, յուրաքանչյուր նախակրթարան կարող է հաճախել 30 երեխա, կրթությունն անվճար է։ Ծրագրի շրջանակում Երևանին մերձակա մարզերում նույնպես նախատեսվում է ստեղծել նման կենտրոններ։

«Քանի որ մարզերում այնքան էլ լավ վիճակում չեն մանկապարտեզները, նախատեսում ենք երեխաների համար նախակրթարաններ հիմնել, որտեղ նախադպրոցականները հնարավորություն կունենան սովորել տարրական գիտելիքներ»,– NEWS.am–ին ասաց «Փախստականների ներուժի զարգացման և կենսամակարդակի բարելավման ծրագրի» համակարգող Թամարա Բարբակաձեն։

Սիրիահայ Հուրի Գյուլգյուլիջյանը, որն իր 5-ամյա դստերը` Լարիսա Նազարյանին այսօր բերել էր նախակրթարան, արդեն երկու տարի բնակվում է Երևանում, ասաց, որ ուրախ է նման հնարավորության համար. «Շատ կարևոր է, որովհետև երեխաս մինչև դպրոց գնալը հնարավորություն ունի երեխաների հետ շփվելու, գրական հայերենին ու Երևանի խոսակցական լեզվին տիրապետելու: Շատ լավ միտք է երեխաներին զարգացնելու համար»:

Compartir