2017-ին դրամն արժեւորվել է, ՌԴ-ից տրանսֆերտներն աճել են 18 տոկոսով. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 7.5 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, 2017-ին Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վրա դրական ազդեցություն է թողել պղնձի համաշխարհային գների դինամիկան, որը որոշակի աճել է 2016-ից հետո, նավթի համաշխարհային գների դրական դինամիկան, մասնավոր տրանսֆերտների աճը, առեւտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ, որի տեսակարար կշիռը 30 տոկոս է կազմում եւ ուղղակի ներդրումները ՌԴ-ից:

Ջանջուղազյանը նշեց, որ մանսավոր տրանսֆերտները Ռուսաստանից 2017-ին աճել են 18 տոկոսով, ինչը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա, սակայն 2013-ի համեմատ Հայաստանը 663 մլն դոլարով ավելի քիչ տրանսֆերտ է ստացել:

«Առևտրաշրջանառության տեսակետից 44.6 տոկոսի աճ է գրանցվել դեպի Ռուսաստան՝ արտահանման ուղղությամբ։ Տնտեսվարողների մոտ դրական սպասումները եւս նպաստել են տնտեսական աճին: ՀՆԱ աճին նպաստող ոլորտները եղել են ծառայությունները (5,1 տոկոսով), արդյունաբերությունը, շինարարությունը: Գյուղատնտեսության ոլորտը 0,6 տոկոսով բացասական ազդեցություն է ունեցել»,-հայտարարեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ Դեֆլյատորը կազմել է 2,2 տոկոս: 2017-ի միջին գնաճը կազմել է 1 տոկոս:

Ինչ վերաբերում է բյուջեի ցուցանիշներին, ապա ճշտված ծախսային մասը կազմել է շուրջ 1 տրլն 561 մլրդ դրամ, ճշտված եկամտային մասը կազմել է 1 տրլն 320 մլրդ դրամ եւ դեֆիցիտը 150 մլրդ դրամից դարձել է 240,2 մլրդ դրամ:

(News.am)

Compartir