Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը:
Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 101-ը. ընտրության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն, եւս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ նախապես ԱԺ 4 խմբակցություններից 3-ը՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան», հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին: «Ելք» խմբակցությունը, որն ունի 9 պատգամավոր, հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու: Հատկանշական է, որ քվեարկությանը մասնակցել են «Ելք» խմբակցության 7 պատգամավորներ, մինչդեռ Արմեն Սարգսյանին դեմ քվեարկողների թիվը 10 է:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրությունը: «Ծառուկյան» խմբակցությունը ցանկություն չէր հայտնել թեկնածու առաջադրել, իսկ «Ելք»-ը չուներ բավարար թվով պատգամավորներ՝ թեկնածու առաջադրելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից: Քանի որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, հետեւաբար երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորություններն էապես կրճատել են:
Նշենք, որ թեեւ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում, սակայն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:
(News.am)