Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է զինված խմբավորումների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները` կիրակի օրը հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վերջին օրերին քաղաքի վրա հարձակումների հետևանքով չորս հայ է զոհվել, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:
«Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- ընդգծել է Բալայանը արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
(Armenianow.com)