Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Առաջիկա տարիներին կառավարության անդամները աշխատանքի կգնան էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաներով. բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն է այսօր հայտարարել կառավարության նիստում:
Սա՝ այս մեքենաների կիրառումը խրախուսելու համար: Բնապահպանության ոլորտի պատասխանատուները առաջարկում են հուլիսի 1-ից էլեկտրամոբիլ ներկրողներին ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ):
Ֆինանսական ոլորտի պատասխանատուն, սակայն, դեմ է հարկային արտոնություններին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես ռիսկեր է նկատել: Կառավարության մյուս անդամները, սակայն, վարչապետի գլխավորությամբ, առաջարկին կողմ են արտահայտվել:
2019 թվականը ռիսկային տարի է բյուջեի ծրագրային ցուցանիշերը ապահովելու համար. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի զգուշացումն է կառավարությանը: Նաև հիշեցնում է՝ գործադիրը որդեգրել է ուղղակի հարկման բեռի նվազեցման, անուղղակի հարկերի ավելացմանն քաղաքականություն։
Հաայտարարությանը նախորդել էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին » առաջարկը:
Բնապահպանության ոլորտի պատասխանատուները առաջարկում են էլեկտրամոբիլ ներկրողներին ազատել ԱԱՀ-ից: Առաջարկն ընդունվելու դեպքում 2019-ին բյուջե չի մուտքագրվի 440 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան.
«Դա նշանակում է, որ մենք հարկային արտոնությունների արդյունքում չենք ստանալու եկամուտներ, բայց ինչ ենք ստանալու դրա դիմաց, գնահատական չունենք, և դա շատ էական է»:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը մոտ 40 րոպե կառավարության անդամներին համոզում էր՝ զգույշ լինել հարկային արտոնություններ տրամադրելիս: Մոտ 20 տարի Հայաստանի գանձապետարանը ղեկավարող Ատոմ Ջանջուղազյանը նշում է.
«Դեռ միանշանակ չի, որ, եթե ԱԱՀ-ն ընդհանրապես չլիներ, մեր ենթադրությունը, որ մենք 33-ի փոխարեն 330 մեքենա կունենայինք ընդամենը ենթադրություն է»:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի ներկայացրած տվյալներով, 2017թ հոկտեմբերի 1- ին Հայաստան է ներմուծվել 28, 2018-ին՝ 33 մեքենա: Նախարարի առաջին տեղակալի պարզաբանմամբ, Վրաստանում էլեկտրամոբիլները ԱԱՀ- ից ազատելով 2017 թվականին դրանց ներկրում ավելացել է 300- ով։ Ղափլանյանը «Ռադիոլուրի» համար հստակեցրեց ՝ առաջարկը միայն էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաներին է վերաբերում, ոչ՝ հիբրիդային. «Շատ քիչ են ներկրվում, քանի որ դրույքաչափերը բարձր են, գույքահարկը, մաքսատուրքը, ԱԱՀ-ն գանձվում են: Քանի որ իրենց բազային գինը թանկ է, սա խրախուսման նախաձեռնություն է»:
Ջանջուղազյանը չի բացառում, որ այսօր էլ առանց հարկային արտոնությունների հնարավոր է Հայաստանում էլեկտրամոբիլների թիվն ավելանա։
«Շարժիչները, որոնք աշխատում են էլեկտրական մարտկոցներով, ինչ որ ժամանակ դրանք ուտիլիզացնելու խնդիր է առաջանում: Մենք ավելի շատ տպավորություն ենք ստացել, որ առաջնորդվում ենք ժամանակակից թրենդով, քան ունենք հստակ հաշվարկ, թե ինչ ենք ակնկալում այս ամենի արդյունքում»:
«Թրենդին հետևելը վատ չափանիշ չէ, ցավոք թրենդին չենք կարողանում հետևել, ուրեմն թրենդի հետևից հասնենք: Մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս այդպիսի մեքենաներ ներկրել Հայաստան: Կներեք էլի, էդ ուտիլիզացիայի մասին, որ էդքան ասում եք, որ դրա վրա շատ կենտրոնանանք, պետք է հետ գնանք ձիերով երթևեկելուն»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության դեռ չնշանակված նախարար Հակոբ Արշակյանը տեխնոլոգիական զարգացման կողմնակիցն է, ուստի և՝ այս նախագծի նույնպես:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նույնպես արտոնություններ տրամադրելուն կողմ է: Փոխվարչապետի Տիգրան Ավինյանը նույնպես կարծում է, որ ենթակառուցվածքները պետք է զարգանան:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այլ առաջարկ ունի.
«Աշխարհը գնում է էլեկտրահանրային տրանսպորտի: Մենք պետք է այս տեսանկյունից էլ նայենք»:
Հակառակ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի ու ՊԵԿ նախագահի դիտարկումների՝ կառավարությունը հաստատեց փոփոխությունների նախագիծը:
Եթե խորհրդարանն ընդունի ներկայացված օրինագիծը, ապա այն ուժի մեջ կմտնի 2019թ հուլիսի 1- ից։
(Armradio.am)