2019-ին ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Հայաստանի ողջ տարածքում ունենք որակյալ կապ եւ բարձր արագության ինտերնետ ցանց: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Իվոն Չիուին Հայաստան է ժամանել նաեւ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով հյուրին` նախարարը վստահեցրել է, որ ի դեմս ՀՀ կառավարության, ալյանսը Հայաստանում ունի հուսալի գործընկեր:

Կողմերը քննարկել են Հայաստանում ՏՀՏ ոլորտի աճի ներկա միտումները եւ զարգացման հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը մեր տնտեսության գերակա ճյուղերից է, որտեղ վերջին տարիներին շոշափելի հաջողություններ ենք գրանցել: Զարգացման բարձր մակարդակի վրա է նաեւ հեռահաղորդակցության ոլորտը, երկրի ողջ տարածքում ունենք որակյալ կապ եւ բարձր արագության ինտերնետ ցանց:

Հանդիպման առանցքային թեման 2019 թ. ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է: Լայնամասշտաբ բարձր տեխնոլոգիական այս միջոցառումն առաջին անգամ հյուրընկալելու է Հայաստանը: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ԻՏՁՄ-ն համատեղ:

Համաշխարհային ալյանսի նախագահը նշել է, որ Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու ժամանակատար են, այդ իսկ պատճառով պետք է սկսել պատրաստվել այսօրվանից. ընտրել Հայաստանի ճիշտ բրենդինգը, որով երկիրը պիտի ներկայանա մասնակից երկրներին ու միջազգային ընկերություններին:

Իվոն Չիուն նախարարին հրավիրել է ներկա գտնվելու Թայվանում կայանալիք ՏՏ Համաշխարհային կոնգրես 2017-ին:

(News.am)

Compartir