ԱԱ-2018. Հայաստանի հավաքականի հերոսական կամային հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն էր, որը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 2 գոլի առավելություն ուներ առաջին խաղակեսից հետո, բայց պարտվեց 2:3 հաշվով:

Ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման սկզբնամասն անցնում էր հանգիստ պայքարում, եւ թիմերը կարծես ուսումնասիրում էին միմյանց: Հայաստանի հավաքականը խաղում էր կարճ փոխանցումներով, իսկ հյուրերը հաճախ կատարում էին երկար փոխանցումներ: 6-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականն ացնկացրեց խաղի առաջին վտանգավոր գրոհը, բայց Արսեն Բեգլարյանը տեղում էր: Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, թեեւ հաճախ տեղափոխվում էր կենտրոն եւ իր վրա վերցնում խաղը: 2 թիմերն էլ մրցակցի կիսադաշտում չէին դիմում պրեսինգի՝ խնայելով ուժերն ու սպասելով իրենց շանսին: Խաղի տեմպը բարձր չէր, իսկ խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: 18-րդ րոպեին հյուրերը ստեղծեցին եւս մեկ վտանգավոր պահ, որից հետո Ֆատոս Բեչիրայի գլխի հարվածը շեղ ստացվեց: Չեռնոգորիայի հավաքականն աստիճանաբար ստացավ ոչ մեծ տարածքային առավելություն եւ ավելի հաճախ էր գրոհնում: 23-րդ րոպեին եղավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որը գոլով ավարտել չկարողացավ իտալական «Ինտերի» հարձակվող Ստեւան Յովետիչը: Յովետիչն առանձնանում էր հյուրերի կազմում, իսկ Հայաստանի հավաքականի միակ հարձակվող Ռուսլան Կորյանը հազվադեպ էր գնդակ ստանում: Աստիճանաբար պասիվացել էր նաեւ Մխիթարյանը, եւ հյուրերի դարպասի մոտ ճնշում գրեթե չկար: 36-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմը բացեց հաշիվը: Արսեն Բեգլարյանը հետ մղեց անդրադարձով եկած հարվածը, բայց գնդակը հայտնվեց մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Դամիր Կոժոշեւիչի մոտ, որի հարվածը դիպուկ ստացվեց: 2 րոպե անց հյուրերը Հայաստանի հավաքականին պատժեցին կոպիտ սխալի համար: Հայաստանի թիմի իրացրած անկյունային հարվածից հետո մրցակիցը հեռացրեց գնդակը, իսկ Լեւոն Հայրապետյանն այն նվիրեց Ստեւան Յովետիչին, որը մեն-մենակ եկավ դարպասապահի դեմ եւ հաշիվը դարձրեց 0:2: Դաշտի տերերի հետ ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում եւ շուտով գնդակը կարող էր նաեւ երրորդ անգամ հայտնվել Բեգլարյանի դարպասում, բայց «Ալաշկերտի» դարպասապահը դժվարությամբ չեզոքացրեց սպառնալիքը: Խաղակեսի վերջնամասում Արթուր Պետրոսյանի թիմը ակտիվացավ եւ անցկացրեց մի քանի գրոհներ, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց եւ ուներ մեծ առավելություն: Նախ Չեռնոգորիայի թիմը սկզբնամասում ստեղծեց եւս մեկ վտանգավոր պահ, իսկ քիչ անց տանտերերը 50-րդ րոպեին կրճատեցին հաշիվը: Գոլի դրվագում փայլեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, որը դաշտի կենտրոնից առաջ շարժվելուց հետո դատ խաղարկեց Ռուսլան Կորյանի հետ եւ առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականում: Գոլից հետո հայկական թիմն ակտիվացավ եւ նետվեց առաջ ու մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա: Հայկական թիմը խաղային մեծ առավելությունը կարող էր գոլի վերածել 65-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը բարձր հարվածեց հարմար դիրքից: չեռնոգորիայի հավաքականի մոտ այլեւս ոչինչ չէր ստացվում մեծ ուժերով պաշտպանվելուց բացի, իսկ հայկական թիմը շուտով խփեց նաեւ երկրորդ գոլը: Անկյունային խաղակեսի խաղարկման արդյունքում 73-րդ րոպեին աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը: Բաց թողած գոլից հետո հյուրերը նետվեցին առաջ եւ շուտով 2 անգամ անհանգստացրին Արսեն Բեգլարյանին: Վերջնամասում հաղթանակ կորզելուն ավելի մոտ էին հյուրերը: 86-րդ րոպեին Ստեւան Յովետիչը եզրում շրջանցեց դարպաից դուրս եկած Արսեն Բեգլարյանին, բայց նրա հարվածից հետո դարպասային գծին հայտնված Հրայն Մկոյանը հեռացրեց գնդակը:

Ավելացված չորրորդ րոպեին Գեւորգ Ղազարյանը խփեց հաղթական գոլը:

Սա Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումն էր 2016 թվականին: ԱԱ-2018- ընտրական մրցաշարում Արթուր Պետրոսյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանին:

Հայաստանի հավաքականը 3 միավորով բարձրացավ ընթացիկ նախավերջին տեղ: Չեռնոգորիան 7 միավորով առաջին տեղում է:

(News.am)

Compartir