Խիդաշելի. Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձեւաչափում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան եւ նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարեւան պետությունների եւ ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է համագործակցության զարգացումը նաեւ պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս դժվար իրավիճակի հետեւանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլ նաեւ հրամայական:

Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլ նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը եւ խաղաղության ապահովումը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Թինաթին Խիդաշելին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

(News.am)

Compartir