Ուրբաթ Բաքվում պատմության մեջ առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը հայ մարզիկներին սուլոցներով են ընդունել:
Ադրբեջանի մայրաքաղաքի օլիմպիական մարզադաշտի տրիբունաներում հավաքված տասնյակ հազարավոր հանդիսատեսներ սուլոցներով և գոչյուններով են դիմավորել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությանը:
Ընդհանուր առմամբ 25 հայ մարզիկներ են մրցելու վեց մարզաձևում (սամբո հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ և թաեքվոնդո) մինչև հունիսի 28-ը կայանալիք խաղերում:
1980-ական թվականների վերջից Հայաստանն ու Ադրբեջանը ներքաշված են Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ: 1992-1994 թթ. հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով ավելի քան 30.000 մարդ է զոհվել: Չնայած ձեռք բերված հրադադարի պահպաման ռեժիմին` սահմանային միջադեպերի պատճառով շարունակում են երկուստեք մարդիկ զոհվել:
Միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո ՀԱՕԿ-ը որոշում կայացրեց Բաքու մարզիկներ ուղարկել:
Որոշ հայ առաջատար մարզիկներ, այդ թվում` ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը որոշեցին չմասնակցել խաղերին` իրենց որոշումը բացատրելով սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու անհրաժեշտությամբ:
Հայաստանում և սփյուռքում շատերը նաև քննադատել են երկրի մարզական ղեկավարությանը` խաղերին մարզիկներ ուղարկելու որոշման համար, որոնք Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համար դիտվում են միջազգային վարկանիշը բարձրացնելու միջոց:
Ուրբաթ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ` եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիևայի անունից բացման արարողությանը ներկա են եղել մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք: