Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով

Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ ու հասարակական գործիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մայր եկեղեցի մուտք գործեցին եկեղեցականների թափորի ուղեկցությամբ և իրենց խոնարհումը բերեցին ամպհովանու ներքո ամփոփված հայոց հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքներին: Ապա օրհնելով ներկա հավատավոր ժողովրդին` 14 եպիսկոպոսների ուղեկցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը բարձրացան Սուրբ Խորան, ուր սկսվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության և նրա ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար:

Արարողության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը և Արամ Ա Կաթողիկոսը ծնրադիր ընթերցեցին «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայոց ազգը:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց օրհնությունն ու պատգամը հղեցին համայն հայ ժողովրդին:

Compartir