Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողովը՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ

Այսօր «Կամար» բիզնես կենտրոնում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողովը՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:

Տնտեսական գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Ներկա են եղել նաև ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության, միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:

Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:

Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:

Գիտաժողովի շրջանակում դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիեր Սորնետը: Տեսակապով գիտաժողովին կմիանա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ:

Միջազգային տնտեսական գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջազգային տնտեսական համաժողովի գործընկերն է Ամերիաբանկը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ, իսկ նախկինում՝ ԻՏՁՄ) հիմնադրվել է 2000 թ-ին: Այն ոչ առևտրային կազմակերպություն է և Հայաստանում գործող 80-ից ավելի առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների և միջազգային կորպորացիաների միություն է:

ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

Compartir