Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետև դիտել է տոնական մշակութային ծրագիրը:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

Compartir