Վատիկանում հանդիպել են Հռոմի Պապն ու Արամ Ա. Կաթողիկոսը

Վատիկանում այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետը առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքումն՝ Վատիկանում ու Երեւանում, հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ եկեղեցին պետք է կանգնի ճշմարտության կողքին եւ կրկին ընդգծել է, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որը Թուրքիայի կողմից մերժվում է:

Արամ Ա. Կաթողիկոսն հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների բազմաթիվ դժվարություններին եւ նշել այդ իրավիճակում եկեղեցու՝ նրանց կողքին լինելու փաստը: Նա շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ քրիստոնյա համայնքի իրավունքը պաշտպանելու համար: Սրբազան Քահանայապետն ընդգծել է նաեւ քրիստոնյա-մուսուլման, միջ-կրոնական երկխոսության կարեւորությունը, Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ժողովրդի պահպանությունը եւ շնորհակալություն հայտնել Վատիկանին այս հարցում օժանդակության համար:

Արամ Ա. Կաթողիկոսը եւ Ֆրանցիսկոս Պապը ուրախությամբ ողջունել են նաեւ Լիբանանի նախագահական ընտրությունները եւ կարեւորել Լիբանանում բնակվող քրիստոնյա եւ մուսուլման ժողովրդի խաղաղ գոյակցությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին է նվիրել վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission»։

(News.am)

Compartir