Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը (ֆոտոռեպորտաժ):
Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր:
Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը եւ նախարարներից 11-ը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երդման արարողությանը չէր մասնակցում․ նա բացակա էր։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին ու կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկրի հզորացման և ի բարօրություն մեր ժողովրդի:
(News.am)