Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ:

Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում

(Tert.am)

Compartir