Հայաստանը պատրաստ է դիմել ոչ հաճելի քայլերի, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատման եւ մասնավոր ներդրումների համար խոչընդոտների վերացման, որպեսզի հաջորդ տարի վերականգնենք տնտեսության կայուն հիմքը: Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ տնտեսության աճի տեմպերը այս տարի պետք է գերազանցեն 2,2 տոկոսի ցուցանիշը, որը կառավարությունը ծրագրել է 2016 թվականին: «Հայաստանում պարբերաբար կանցկացվեն կառուցվածքային բարեփոխումներ, նույնիսկ եթե այդ բարեփոխումները տհաճ լինեն»,- նշել է նա:
Կարապետյանն ընդգծել է, որ վարչական ծախսերի կրճատումը եւ այս տարի բյուջեի պակասուրդի 2016-ին սպասվող 5,9 տոկոսից մինչեւ 2,7 տոկոս կրճատման ծրագրերը կարող են ազդել տնտեսական աճի վրա, սակայն այս միջոցառումներն անհրաժեշտ են: «Կրճատումը բացասական ազդեցություն կունենա, բայց մենք ցանկանում ենք դա փոխհատուցել մասնավոր ներդրումների հաշվին: Կարծում եմ, որ այս տարի կկարողանանք հասնել 3,2 տոկոս աճի»,- հայտարարել է Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ դրա հետ մեկտեղ, կառավարությունը նաեւ կենտրոնանում է կոռուպցիայի դեմ պայքարի եւ «բոլոր պատնեշների վերացման վրա, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»:
«Հենց մեզ հաջողվի տնտեսական վիճակը կայունացնել, մենք կկարողանանք հասնել կայուն աճի՝ սկսած 2018 թվականից»,- հավելել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ռազմավարական նախաձեռնությունների նոր կենտրոնը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ կզբաղվի կարճաժամկետ եւ երկարաժամկետ նախագծերի որոնումներով՝ հավելելով, որ այս տարի «իրատեսական» կլիներ փորձել ներգրավել 850 մլն դոլարի ներդրումներ, ըստ որում՝ հիմնական մասը բաժին կընկներ մասնավոր հատվածին:
(News.am)