Հայաստանն ունի արեւային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից. «Երկարաժամկետ առումով «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են եւ կայուն: «Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարեւորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արեւային, հողմային, երկրաջերմային եւ հիդրոէներգետիկայի ուղղություններով:
Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արեւային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արեւային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը. «Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արեւային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա»:
ՀՀ նախագահի խոսքով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին եւ կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ. «Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արեւային, հողմային եւ երկրաջերմային էլեկտրակայաններ:
Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ՝ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները եւ ներդրումային հնարավորությունները:
Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ հաջողություն: Վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու»:
Նշենք, որ Երեւանում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպվել է «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովը:
Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական եւ ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից երեսունից ավելի օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արեւային կայաններ կառուցելու հնարավորությամբ։
Հունվարի 25-27-ն անցկացվող միջոցառումների շարքը ներառում է նաեւ եռօրյա ցուցահանդես, որում ներկայացված են տեղական արտադրողներ եւ ոլորտի մասնագիտացված ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթացնելու ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության եւ ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արեւային տեխնոլոգիաների նմուշներին եւ այս ոլորտում առաջարկվող ծառայություններին։
(News.am)