Հայկական Shabeeg բրենդը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին

Հայկական Shabeeg բրենդը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին, որը նորաձևության աշխարհի 4 ամենակարևոր իրադարձություններից մեկն է և հայտնի է որպես 7th on the Sixth: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ապրանքանիշի հիմնադիր Մերի Սուքիասյանը:

Նյու Յորքի նորաձևության շաբաթն անցկացվում է տարին 2 անգամ՝ փետրվարին ցուցադրվում են աշուն-ձմեռ հավաքածուները, իսկ սեպտեմբերին՝ գարուն-ամառ:

Մերին նշել է, որ փետրվարի 7-10-ը հայկական ապրանքանիշը ներկայացված կլինի շոու-ռումում, ի թիվս աշխարհի տարբեր երկրներից նոր և ոչ այնքան հայտնի դիզայներների հավաքածուների. «Մտադիր ենք հրավիրել Նյու Յորքի հայերին, ներկայացնել նրանց Shabeeg-ը: Իսկ փետրվարի 10-ին ցուցադրություն կլինի նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչների համար»:

Մերի Սուքիասյանն ասել է, որ նոր հավաքածուն աչքի է ընկնում տարազին հատուկ տարրերով և նախշերով, սակայն արդիականացված է և ներկայանում է փողոցային նորաձևության ոճում:

Shabeeg-ը միակ հայկական բրենդը կլինի, որը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Ըստ Մերիի, հրավերը միջոցառման կազմակերպիչներից անսպասելի էր և ստացվել է էլեկտրոնային փոստով. «Ասացին, որ տեսել են մեզ Երևանում անցկացված Oriflame Fashion Weekend-ի ցուցադրության մասին տեսանյութում»:

Shabeeg բրենդը փորձում է ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները բոլորին հասանելի տարբերակով` գրաֆիկական հետաքրքիր և մոդեռն լուծումներով:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերությունն ու հայկական Shabeeg հագուստի բրենդը համատեղ առաջին անգամ Հայաստանում թողարկել են AR (անգլ. Augmented Reality, «համալրված իրականություն») շապիկ` անիմացիայով և կրթական բովանդակությամբ: Ինտերակտիվ շապիկի վրա Արտաշես II արքայի պատկերը ոչ միայն գեղեցիկ և նորաձև է նայվում, այլև ARLOOPA հավելվածի օգնությամբ «զարթնում է բազմադարյա քնից»՝ շարժվելով և պատմելով Արտաշեսյանների արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցչի պատմությունը:

(Panarmenian.net)

Compartir