ԱՄՆ- ից հետո. ԵՄ- ն 7 մլն եվրո կտրամադրի ընտրական բարեփոխումների իրականացման համար

ԵՄ- ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայի ընտրական բարեփոխումների ուղղությամբ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր կուսակցությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար, ինչի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությանը իրենց համաձայնությունն են տվել ՀՀ- ում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

«Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը կատարելու համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը:

ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին: Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Սրանում ներառված է նաև աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:

Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ներառյալ վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների անխափան աշխատանքի երաշխավորում:

Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 28- ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էր հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օժանդակություն կհատկացնի ՀՀ ընտրագործընթացի տեխնիկական վերազինման համար։

(Armradio.am)

Compartir